Կառավարության շենքի դիմաց հավաքված` «Շրջանառության հարկի մասին» օրենքի նոր փոփոխությունների դեմ բողոքող բազմաթիվ առևտրականներին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ ուսումնասիրել նրանց պահանջները և չորս օրից պատասխան տալ՝ ասել է կառավարության նիստից հետո վարչապետին հանդիպած երեք առևտրականներից Սամսոն Գրիգորյանը: «Վարչապետը շատ հետաքրքրված լսեց մեր խնդիրը, մենք երեք կետից բաղկացած առաջարկներ ենք ներկայացրել նրան, որոնք այս պահին չենք կարող հրապարակել: Ասաց, որ ամեն ինչ լավ է լինելու, իրենք մեր խնդիրը լուծելու են, 3-4 օրից խոստացավ պատասխան տալ մեզ»,-ասաց նա: Բողոքող առևտրականների մի մասը պահանջում է օրենքի վերջնական կասեցում: Նրանք հավաքվելու են երեքշաբթի օրը՝ հասկանալու, թե որոնք են լինելու հետագա քայլերը, եթե Հովիկ Աբրահամյանը դրական պատասխան չտա: